Ծնվել է Իրանի Փեհլևի (այժմ՝ Էնզելի) քաղաքում: 1937թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ տեղի «Քյուշեշ-Դավթյան» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն: Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949թ. ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան` Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը: 1950թ. հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է Ա.Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սինֆոնիկ նվագախմբում` որպես մենակատար: 1953թ. տեղափոխվել է Երևան: 1959թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի Արամ Շամշյանի ջութակի դասարանը, 1975թ.` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիացիայի դասարանը: 1975թ. դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1964թ. հրավիրվել է Երևանի պոլիտեխնիկական ինսիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախումբի ղեկավար: 30 տարվա ընթացքում նվագախումբը նրա գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1987թ-ից` պրոֆեսոր): 1999թ. Սանկտ Պետերբուրգում նրա թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Ս.Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակին: Ստեղծագործությունները բազմաժանր են` վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սինֆոնիկ նվագախմբի համար և այլն: Գրել է «Պոլիմոնդիաներ» (ըստ միջնադարյան տաղերի, շարականների, 1972-79թթ) լարային նվագախմբի, «Պոլիմոնդոիկ կանտատ» (1975թ.) երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, փողային նվագախմբի կոնցերտ (1986թ.), «Օսմար Խայամի քառյակներ» երգաշարը (1971թ.), «Մաշտոցյան 4 երգ» (1972թ.) և այլ խմբերգեր: 1976թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1981թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: