Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1942թ. զորակոչվել է բանակ և մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1949թ. ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան` Նիկոլայ Սպերանսկու դասարանը: 1949-74թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), «Պիկովայա դամա» (Ելիցկի), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ժերմոն), Մենոտիի «Հյուպատոսը» (Ջոն Սորել), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո) և այլն: Երգել է նաև տարբեր ազգերի ժողովրդական երգեր: Որպես տնօրեն պաշտոնավարել է Հայպետէստրադայում, պարի պետական անսամբլում, սիմֆոնիկ նվագախմբում, Հայաստանի Կապելլայում: Եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտորը: Նրա անմիջական մասնակցությամբ է ստեղծվել Երևանի Մնջախաղի և Կամերային թատրոնները, «Ուրարտու», «Արմինե», «Էրեբունի» էստրադային համույթները, աշուղական կոլեկտիվներ: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1967թ.` ժողովրդական արտիստի կոչման: 1974թ. թողել է բեմը: Մահացել է Երևանում: