Zark Foundation

Սերգեյ Գալստյան

Սերգեյ Գալստյան

Արձակագիր, կինոգետ, թարգմանիչ

5 հունվար, 1940 - 25 օգոստոս, 2022

Ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Քարագլուխ գյուղում: 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1967-68թթ աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում որպես խմբագիր, 1968-74թթ՝ «Էկրան» ամսագրի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, 1974-75թթ՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես խմբագիր։ 1975թ-ից աշխատել է Հայաստանի գրողների միությունում, նախ՝ որպես գրական խորհրդական, 1978թ-ից՝ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրեն: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1996թ-ից՝ Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության փոխնախագահը: Նրա արձակ ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում, սակայն իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է կինոյին: Դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է կինոարվեստի տեսությամբ և հրապարակել է մի շարք զեկույցներ. «60-ական թթ Իտալական կինոն-նեոռեալիզմ», «Հայ գեղարվեստական կինոն 60-ականներին և պարբերական մամուլը», «Ժամանակակից կերպարը հայ վավերագրական կինոյում» և այլն: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, հեռուստատեսային հաղորդաշարեր: Հեղինակած գրքերի մեծ մասը նվիրված են կինոյին` գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն: Հրատարակվել են նրա «Սոս Սարգսյան» (1980թ.), «Արմեն Ջիգարխանյան» (1981թ.), «Գուրգեն Թոնունց» (1981թ.), «Անուններ էկրանի վրա» (1984թ.), «Գուժ Մանուկյան» (1987թ.), «Հրաշքներ, որ կատարվում են ամեն օր» (1989թ.), «Ֆրունզե Դովլաթյան» (1997թ.), «Հայելի» (2000թ.), «Օրն սկսվում է քեզանով» (2000թ.), «Դիսնեյի աշխարհում» (2002թ.), «Օվսաննա-օրհնություն առ Աստված» (2003թ.), «Երբ շնչավորվում է հեքիաթը» (2003թ.), «Կախարդական գորգ» (2008թ.), «Ռուբեն Գևորգյանց. կյանքը ափի մեջ» (2012թ.), «Ռոբերտ Սահակյանց» (2012թ.), «Կատակերգություն ըստ Ներսես Հովհաննիսյանի» (2013թ.), «Ժամանակը և փաստը» (հայկական վավերագրական կինոն, 2 հատորով, 2013թ.) և այլ գրքեր: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: