Ծնվել է 1964թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: 1982-85թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1989-94թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1995թ-ից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում` որպես բեմի բանվոր, ապա` որպես դերասան: 1994թ-ից աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Փոսի թատրոններում` որպես դերասան: 1995թ-ից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, հումորիստ: 1998թ. ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2005թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դրամատիկական և մնջախաղային դերեր: Խաղացած ներկայացումներից են` Մ.դե Գելդերոդի «Կատակների դպրոց», Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր», Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս», Վ.Սարոյանի «Օպերա-օպերա», Մոլիերի «Դոն Ժուան», Ժ.Անույի «Նվագախումբ», «Ի զեն», «Արմմագեդոն» և այլն, մոնոներկայացումներից են` «Իոցարտ», «Ճամպրուկ», «Սերյոժիկ», «Շարքային Դանիելյան», «Ինչպես ես դարձա տղամարդ», «Խանգարող հանգամանք» և այլն: 2006թ-ից համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ` մի շարք նախագծերի շրջանակներում` «Իմ անունն է», «Պարահանդես», «Առավոտը Շանթում», «Ջեմիկը» և այլն: Նկարահանվել է «Երևան ջան» (2003թ.), «Հրաժեշտ» (2004թ.), «Lovember» (2005թ.), «Մայակ» (2006թ.), «Իբրև սկիզբ» (2008թ.), «В Россию за любовю» (2012թ.), «Վճար» (2013թ.), «Սկոչ և վիսկի» (2015թ.) ֆիլմերում, «Վերվարածները» (2005-12թթ) հեռուստասերիալում: 2004թ. Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրիի` «Իոցարտ» մոնոներկայացման համար: