Zark Foundation

Սերգեյ Դանիելյան

Սերգեյ Դանիելյան

Օպերային երգիչ

31 հուլիս, 1929 - 4 դեկտեմբեր, 2009

Ծնվել է Բաքվում: 1957թ. ավարտել է տեղի երաժշտական քոլեջը: Նույն թվականին տեղափոխվել է Երևան և 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, իսկ 1974թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1957թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և դարձել նրա առաջատար մեներգիչներից մեկը: Տասնամյակներ շարունակ կերտել է դրամատիկ տենորի բազմաթիվ կերպարներ: Հանդես է եկել Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Արամ), Գ.Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (Աբովյան), «Խորտակում» (Մանվել), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոզե), Ջ.Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Օթելլո» (Օթելլո), Լեոնկավալլոյի «Պայացներ» (Կանիո), Վագների «Տանհոյզեր» (Տանհոյզեր), Ի.Ստրավինսկու «Էդիպ արքա» (Էդիպ արքա), Պուչինիի «Տոսկա» (Կավարադոսի), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Գերման) և այլ օպերաներում: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, արժանացել մրցանակների: 1985-87թթ եղել է Ուլան Բատորի օպերային թատրոնի խորհրդատու և դասատու: 1968թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր): 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: