Zark Foundation

Սերգեյ Հախվերդյան

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

27 սեպտեմբեր, 1946 - 3 հունվար, 2021

Ծնվել է Հայաստանի Գորիս քաղաքում: Սովորել է տեղի Ա.Բակունցի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1964-68թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին անդամակցել է հայրենասիրական ՀԵՄ ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին, ակտիվորեն մասնակցել 1965թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ցույցերին: Սովորել է ասպիրանտուրայում, ծառայել Խորհրդային բանակում: 1985-95թթ եղել է Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրենը: Նրա օրոք թանգարանը ձեռք է բերել ու ֆոնդավորել հարյուրավոր հնագիտական, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ: 1992-95թթ աշխատել է Գորիսի «Սյունիք» և «Տաթև» համալսարաններում, աշխատակցել Գորիսի քաղաքապետարանի «Բանբեր Գորիսի» խմբագրակազմին: 1993-96թթ եղել է «Ազգ» օրաթերթի սյունիքյան թղթակիցը, ստորագրել տասնյակ հոդվածներ, որոնք լուսաբանել են Գորիս քաղաքի ռազմական առօրյան, հասարակական-քաղաքական կյանքը: 1989թ. Գորիսի քաղաքապետարանի պատվերով ձեռնարկել է գրելու «Գորիսի պատմությունը» գիրքը, որը լույս է տեսել 1996թ-ին: Նույն թվականին կրկին հրավիրվել է աշխատելու Գորիսի ԲՈՒՀ-ական մասնաճյուղում, ակտիվորեն զբաղվել պատմագիտությամբ: Պրոֆեսոր Գ.Գրիգորյանի հետ հեղինակել է 2001թ. հրատարակված «Սյունիքի պատմություն» դասագիրքը, 2005թ.՝ «Գորիսի ամփոփ պատմություն» գիրքը, 2007թ.՝ հրատարակվել է «Պատմագիտական նոթեր. Սյունիք» գիրքը, ուր ամփոովել են հեղինակի գիտական հոդվածները: Հեղինակել է 30 գիտական հոդված: 2008թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Ղեկավարել է ԳՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնը: Արժանացել է ՀՊՃՀ ռեկտորի վաստակագրի, Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագրի, Սյունիքի մարզպետարանի կողմից՝ «Ակսել Բակունցի» հուշամեդալի: Ռուբեն գրական կեղծանունով, ուսանողական տարիներից սկսած զբաղվել է գրական գործունեությամբ: Նրա պատմվածքները տպագրվել են հանրապետական, մարզային մամուլում, ժողովածուներում, հնչել ռադիոյով: 2009թ. լույս է տեսել « Բարի արև-բարև» գիրքը, ուր ամփոփած են հեղինակի 20 պատմվածքներ: Մահացել է ՀՀ Գորիս քաղաքում: