Zark Foundation

Սերգեյ Մանուկյան

Սերգեյ Մանուկյան

Բանասեր, մանկավարժ, դաստիարակագետ

31 օգոստոս, 1931 - 29 ապրիլ, 2022

Ծնվել է Հայաստանի Մեղրի քաղաքում: 1949թ. ավարտել է տեղի Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1954թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության և լեզվի բաժինը: 1954-56թթ որպես ուսմասվար աշխատաել է Հայաստանի Վեդու շրջանի Նոր Կյանք գյուղի յոթնամյա դպրոցում, 1956թ-ից՝ Մեղրու շրջանի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ 1957-60թթ եղել է դպրոցի տնօրենը: 1960-63թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1969թ. Երևանում պաշտպանել է «Մտավոր գործունեության մի քանի հնարների ձևավորումը» վերնագրով թեկնածուական ատենախոսություն, 1991թ. Մոսկվայում՝ «Ուսումնական գործունեության նկատմամբ աշակերտության անձնային դրական վերաբերմունքի ձևավորման դիդակտիկական հիմունքները» վերնագրով դոկտորական ատենախոսություն: 1963թ-ից դասավանդել է Երևանի Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, 1966-2002թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների մանկավարժական ինստիտուտում (1991թ-ից՝ ամբիոնի պրոֆեսոր), 2002-07թթ՝ Հրազդանի Հումանիտար ինստիտուտում: Հեղինակել և եղել է համահեղինակ շուրջ 70 հայերեն և 12 ռուսերեն հոդվածների: Տպագրվել են նրա մի շարք մենագրություններ, գրքույկներ: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ: Հրատարակվել են նրա «Ուսուցման սուբյեկտների գործունեության մոտիվացիան» (1988թ.), «Նպատակահարույց ուսուցման տեսությունն ու պրակտիկան» (1998թ.), «Մանկավարժագիտության ընդհանուր հիմունքներ» (1999թ.), «Մտավոր գործունեության ձևերը կրթության բովանդակության կազմում» (2000թ.), «Մանկավարժագիտություն» (2002թ.), «Մակավարժական և աշակերտական դասանպատակներ (2003թ.), «Ընդհանուր մանկավարժագիտություն» (2005թ.), «Դաստիարակագիտություն» (2010թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Երևանում: