Zark Foundation

Սերգեյ Մարկոսյան

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

22 նոյեմբեր, 1946 - 5 մարտ, 2018

Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի Էլլա Զաքարյանի խմբավարական, 1981թ.` Արմեն Բուդաղյանի երաժշտագիտական, 1984թ.` Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանները: 1967թ-ից աշխատակցել է ԶԼՄ-ներին, չորս տասնյակից ավելի ամսագրերում և թերթերում տպագրել 600-ից ավելի հոդվածներ և ուսումնասիրություններ: Աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, հանդիսացել է ՀՀ մշակույթի նախարարության Արցախի տարածքի երաժշտական և արվեստի մանկական դպրոցների առաջատար մեթոդիստ, ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի Արցախի բաժանմունքի գիտական աշխատող և այլն: Հեղինակել է երեք սիմֆոնիա` «Ասք Արցախի մասին», «Գանձասար», «Արնաներկ ազատություն», «Լեռների կանչը» (1993թ.), սիմֆոնիա-կոնցերտ 11 նվագարանների համար, վոկալ-սիմֆոնիկ պոեմ «Սարդարապատի զանգերը», երեք լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, սոնատներ ջութակի, թավջութակի համար, կոնցերտ-ռապսոդիա երկու դաշնամուրի համար, վոկալ և կամերագործիքային երկերի, դաշնամուրային պիեսների բազմաթիվ շարքեր («Արցախյան պատկերներ», «Դիլիջանյան նոթատետրից», «Չորս աֆորիզմներ», «Հայրենի եզերքի մեղեդիներ», «Ուրվանկարներ»), խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ժողովրդական մշակումներ և այլն: Հեղինակել է մի շարք գրքեր և ուսումնասիրություններ` «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը» (1986թ.), «Արցախյան անեկդոտներ» (2004թ.), «Արցախի ժողովրդական երաժիշտներ» (2004թ.), «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ» (2010թ.), «Արցախյան դեմքեր և դեպքեր» (2012թ.) և այլն: 1989թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, 1990թ-ից` Արցախի, 1994թ-ից` Հայաստանի ժուռնալիստների, 1999թ-ից` Ռուսաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է: Մահացել է ՌԴ Պոկրով քաղաքում: