Ծնվել է Մոսկվայում: Եղել է կինոռեժիսոր, բեմադրիչ Մարգարիտա Միքայելյանի ամուսինը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1951թ. ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1959թ.` «Մոսֆիլմ» կինոստուդիային կից ռեժիսորական կուրսերը: Տարբեր տարիների աշխատել է Սարատովի, Մ.Գորկու անվան թատրոններում` որպես բեմադրիչ: 1954-56թթ եղել է Տաշքենդի Մ.Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1956թ-ից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1989թ-ից` «Պետրոպոլ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: 1960թ-ից նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր: Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլոք: 1951թ. Սարատովի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է Իրոշնիկովի «Ինչ-որ տեղ Սիբիրում» պիեսը: Գրել է մի շարք ֆիլմերի սցենարներ: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Ընդունում եմ մարտը» (1963-65թթ), «Միայն մեկ կյանք: Ֆ.Նանսեն» (1968թ.), «Պատմիր ինձ քո մասին» (1971թ.), «Գրոսմայստեր» (1972թ.), «Մրցանակ» (1974թ.), «Այրիները» (1976թ.), «Կիսով չափ սիրով» (1979թ.), «Սիրահարված սեփական ցանկությամբ» (1982թ.), «100 զինվոր և երկու աղջիկ» (1989թ.), «Կռվարար ամուսինը» (1993թ.), «Ֆրանսիական վալս» (1994թ.), «Ձմռան քամի» (2006թ.) և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների: 1976թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի` «Մրցանակ» ֆիլմի համար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: