Zark Foundation

Սերգեյ Մնացականյան

Սերգեյ Մնացականյան

Բանաստեղծ, գրականագետ

4 օգոստոս, 1944 - 29 հունիս, 2021

Ծնվել է Մոսկվայում: Երկար տարիներ համագործակցել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի հետ: Տպագրվել է «Նովի միր», «Յունոստ», «Օկտյաբր», «Դրուժբա նարոդով», «Դետի Ռա» ամսագրերում, «Մոսկովսկի կոմսոմոլեց» (այստեղ 1969թ. հունվարին տպագրվել է առաջին անգամ), «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերում, «Պոեզիայի օր», «Պոեզիա» ալմանախներում և այլուր: Բանաստեղծի առաջին գիրքը լույս է տեսել 1969թ., որին հաջորդել են «Կայարանային ճյուղ» (1975թ.), «Ձնե գիրք» (1978թ.), «Հառաչ» (1980թ.), «Բարձր լեռներ» (1981թ.), «Տեսողության անկյուն», «Գթության քույր» (1982թ.), «Ինքնադիմանկար» (1986թ.), «Հատընտիր», «Ձմեռային փիլիսոփայություն» (2004թ.), «Ռուսական պալիմպսեստ» (2005թ.), «100 բանաստեղծություն» (2012թ.), «Անտեսանելի ցանցեր» (2015թ.) և այլ գրքեր: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան քառորդ միլիոն օրինակ տպաքանակով: 1998-2003թթ Յան Ավգուստ անունով գրողը հրատարակել է «Փոքր յոթնագիրքը», որը ներառում է «Խումար» բանաստեղծությունների գիրքը, «Որոնվում է...» պատմվածքների գիրքը, ռուսական և համաշխարհային գրականության մասին «Զբոսանքներ ժամանակի մեջ» էսսեների ժողովածուն, «Մեդվեդկովո-1982» արգելված պոեմը և 1991թ-ից հետո գրված այլ ստեղծագործություններ: Բանաստեղծի պոեզիայի և արձակի մասին գրել են Ալեքսանդր Արոնովը, Անդրեյ Դեմենտևը, Անդրեյ Վոզնեսենսկին, Ալեքսանդր Տկաչենկոն, Եվգենի Ռեյնը, Բախիտժան Կանապյանովը և այլք: Գրել է հուշեր, որոնք միավորել է «Ռետրոման, կամ Ռոման-Ռետրո» իր գրչակիցների դիմանկարների գրքում (Մոսկվա, 2011թ.): 1974թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ՝ դառնալով այդ կազմակերպության ամենաերիտասարդ անդամներից մեկը: Անդամակցել է նաև Մոսկվայի գրողների միությանը, միջազգային ՊԷՆ ակումբին և Մոսկվայի լրագրողների միությանը: Մահացել է Մոսկվայում: