Zark Foundation

Սերգեյ Սարինյան

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

17 նոյեմբեր, 1924 - 8 հունիս, 2017

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում: 1942-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1941-42թթ և 1944թ. եղել է Սեյտիշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1949թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1952-58թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1958-60թթ՝ ավագ գիտաշխատող, 1960թ-ից՝ հայ նոր գրականության բաժնի վարիչը: 2000-04թթ եղել է գրականության մասնագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի նախագահը: Աշխատել է նաև «Հրաչյա Աճառյան» համալսարանում` որպես գրականության ամբիոնի վարիչ և դասախոս: 1967թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից՝ պրոֆեսոր): Նրա աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», 1955թ., «Հայկական ռոմանտիզմ», 1966թ.)։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ («Րաֆֆի», 1957թ.,«Մուրացան», 1976թ.)։ Իր ուսումնասիրություններում հետազոտել է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական դպրոցների և դասական գրողների ստեղծագործության գիտական մեկնաբանման սկզբունքները։ Նրան բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմական ու տիպաբանական, գեղագիտական ու փիլիսոփայական համարժեքների միասնական քննությունը։ Հանդես է եկել նաև ժամանակակից հայ գրականության հրատապ խնդիրներին նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», 1973թ., «Գեղարվեստական գրականության պատմականությունը», 1979թ.)։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականության պատմություն»-ը (հ.1-5, 1962-79թթ, ՀՀ Պետական մրցանակ, 1980թ.)։ Հեղինակակից է Մոսկվայում ռուսերեն հրատարակված «Հայ գրականություն» (1976թ.) դասընթացի։ Նրա առաջաբանով և ծանոթագրություններով «Բիբլիոտեկա պոետա» («Библиотека поэта») մատենաշարով Լենինգրադում տպագրվել է Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» (1980թ.) գիրքը։ 1957թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 1990թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Որպես պատերազմի մասնակից պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով: Հրատարակվել են նաև նրա «Երկերի գրական դիտողություններ» (1964թ.), «Սերունդներ և ավանդներ» (1984թ.), «Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը» (1985թ.), «Լևոն Շանթ» (մենագրություն, 1991թ.), «Հայ գաղափարաբանություն» (1998թ., 2005թ.), «Հայոց գրականության երկու դարը» (5 հատորով, 1988թ., 1989թ., 2002թ., 2004թ., 2009թ.) գրքերը: 1985թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1986թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի, 2003թ. ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակների, 2004թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2005թ. «Հայոց գրականության երկու դարը» գրքի 4-րդ հատորի համար՝ ՀՀ նախագահի մրցանակին, 2009թ.՝ «Հայերիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: