Սերգեյ Վարդանբաբով
Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետի ստուդիան։ 1919թ-ից եղել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1925թ-ից՝ բալետմայստեր, 1927-38թթ՝ Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Գլիերի «Կարմիր կակաչ» (1930թ.), Չայկովսկու «Կարապի լիճը» (1931թ.), «Քնած գեղեցկուհին» (1937թ.), «Կառնավալ» (ըստ Լիստի և Գլազունովի երաժշտության, 1938թ.), Դելիբի «Կոպելիա» (1938թ., բոլորն էլ՝ Սվերդլովսկ), Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939թ., Թբիլիսի)։ 1940-62թթ աշխատել է Կիևի Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնում, որտեղ 1942-53թթ եղել է գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1940թ.), Սկորուլսկու «Անտառային երգ», Գլազունովի «Ռայմոնդա» (երկուսն էլ՝ 1946թ.), Ա.Խաչատրյանի«Գայանե» (1947թ.), Պունիի «Էսմերալդա», Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (երկուսն էլ՝ 1948թ.), Սվեչնիկովի «Մարուսյա Բոգալավկա» (1951թ.) և այլ բալետներ։ 1924թ. բեմադրել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի Թիֆլիսում կայացած հյուրախաղային ներկայացումների պարերը, 1951թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ «Խանդութ»-ը (ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության)։ Նրա ստեղծագործությունը սկզբունքային նշանակություն է ունեցել ուկրաինական բալետի գեղարվեստական առանձնահատկության ձևավորման համար։ 1946թ. արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կիևում: