Zark Foundation

Սերգեյ Վարդանյան

Սերգեյ Վարդանյան

Արձակագիր, ազգագրագետ

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ կանչ», «Լույս Համշենի» թերթերի, «Պիոներ», «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: 1991-2002թթ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, այժմ գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է: 1978թ. «Պիոներ կանչ» թերթի, իսկ 1982թ. «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները: Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981թ.) և «Թագավորի երազները» (2003թ.) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007թ.) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009թ.): Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985թ.) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995թ. և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին: Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն: 1989թ. տպագրվել է նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը, իսկ 1994թ. արևմտահայերենով` Ստամբուլում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական թատրոններում: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն: 1984թ. Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում հայտնաբերել է կրոնափոխ համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ: Բազմիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր: Թուրքիայի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989թ. իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում և 2009թ. ԵրՊՀ հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» գրքում: 1992թ-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահն է, 2004թ-ից` «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: 2009թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին, 2010թ.՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալին, 2012թ.` Երևանի քաղաքապետի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին և Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալին: