Zark Foundation

Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանով

Կինոռեժիսոր

9 հունվար, 1924 - 20 հուլիս, 1990

Սարգիս Փարաջանյան
Ծնվել է Թիֆլիսիում: 1932-42թթ սովորել է Թբիլիսիի թիվ 42 միջնակարգ դպրոցում, 1942-45թթ` Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի ջութակի և վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1947թ. ձերբակալվել է Թբլիսիում Ն.Միկավայի գործով և 7 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ի.Սավչենկոյի արվեստանոցը: Մասնակցել է Ի.Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի ստեղծմանը: 1951թ-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիևի կինոստուդիայում, ուր 1954թ. նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յ.Բազելյանի հետ), ապա` «Առաջին տղան» (1958թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.): 1964թ. նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերներ» կինոնկարը: Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և ռեժիսորին հռչակ բերել: Ֆիլմն արժանացել է Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների մրցանակների, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալի, Բրիտանական կինոակադեմիայի և այլ մրցանակների: 1969թ. «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» կինոնկարը հաստատել է կինոռեժիսորի արվեստի յուրօրինակությունը և մեծ համբավ բերել նրան (ՀՀ Պետական մրցանակ, 1988թ.): Վերջին երկու ֆիլմերը ենթարկվել են Խորհրդային գրաքննությանը: Նրա ստեղծագործությանը բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալն ու ներկան սնող մշակույթի ակունքների նկատմամբ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական մեծ ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը: Ստեղծել է նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմեր` «Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ` 1957թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1968թ.), «Փիրոսմանի» (1985թ.) և այլն: 1973թ. 5 տարի ազատազրկման է ենթարկվել և բանտարկվել` մեղադրվելով արվամոլության մեջ, որին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ բացասական են արձագանքել: 4 տարի անց ազատվել է բանտից` ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ: Երկար տարիներ բնակվել է Թբիլիսիում, որի ժամանակ նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1980-ականներին թույլատրել են նկարահանել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ Ղարիբը» (1988թ., Մոսկվայի Նիկե մրցանակ, 1991թ.) ֆիլմերը, որոնք եղել են նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքը: Նրա գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսներ են բացվել Թբիլիսիում (1985թ.), Երևանում (1988թ., 1990թ.), Փարիզում (2007թ.): Կյանքի վերջին տարիներին նկարահանել է ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել: 1990թ. արժանացել է Ուկրաինայի Պետական մրցանակի, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասիանվան զբոսայգու պանթեոնում: 1991թ-ից Երևանում գործում է կինոռեժիսորի թանգարանը, կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում (1997թ., բրոնզ), մահարձանը` Երևանում (1999թ., բրոնզ, գրանիտ): Սերգեյ Փարաջանովի անունն է կրում 1969թ. հայտնաբերված (3963) աստերոիդը: 2010թ. Հոլիվուդում ստեղծվել է «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտը, վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով: