Zark Foundation

Սերժ Գաբյան

Սերժ Գաբյան

Կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 14-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1990-97թթ սովորել է Երևանի երգչախմբային միության երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում: Հետագայում շարունակել է ուսումնասիրել համակարգչային գրաֆիկա և զբաղվել էքսպերիմենտալ երաժշտությամբ: 2003թ. ընդունվել է Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա, որտեղ ուսումնասիրել է գրաֆիկական դիզայն: Դպրոցական տարիքից գրել է ավելի քան 100 էքսպերիմենտալ երաժշտական գործեր` Acid Jazz, Drum’nBase, Breakbeat, Trip-Hop ժանրերում: 2004թ. մասնակցել է Ռուսաստանում «Ինտերդիզայն» ԱՊՀ երկրների միջև մրցույթ փառատոնին, որտեղ գրավել է առաջին մրցանակը` գրաֆիկական դիզայն անվանակարգում: Նույն թվականին ոսկերիչ Նուռի նկարահանված ֆիլմի համար ստեղծել է երաժշտություն` բաղկացած միայն մարդկանց ձայնարկություններից: 2005թ. մասնակցել է Մալթայի արվեստի միջազգային բիենալեին և երիտասարդ գրաֆիկական դիզայն անվանակարգում դարձել է լավագույն 10 դիզայներներից մեկը: 2007թ., որպես դիզայներ և ռեժիսոր, ստեղծել է առաջին երաժշտական տեսահոլովակը` Սիլվա Հակոբյանի «I Like», որից հետո զբաղվել է հիմնականում երաժշտական տեսահոլովակների ռեժիսուրայով և մոնտաժով: Հետագա տարիներին ստեղծել է ավելի քան 40 տեսահոլովակ` Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ», «Դե գնա», Դավիթ Թուջարյանի «Մարալ», «Այրվող կամուրջներ», Ռազմիկ Ամյանի «Շիրազի գովքը», Նորոյի «Ուզածիդ հասար», ՀՏ Հայկոյի «Պրոֆեսսոր Մարգարյան» և այլն: 2010թ. հանդես է եկել առաջին երաժշտական կոմերցիոն նախագծով` երգչուհի Սոնե Սիլվերի «Free At Last» երգն ու տեսահոլովակը, ապա` «Radio Romeo» երգը, որը հեռարձակվել է եվրոպական ռադիոներով և ակումբներում: 2011թ. ստեղծել է հանրահայտ «Դաֆթ Փանք» խմբի «Տրոն» ֆիլմի երաժշտության ռեմիքսը, որի համար արժանացել է մրցանակի «Դիսնեյ Ռեքորդս»-ի կողմից և թողարկվել ֆիլմի ռեմիքսների ալբոմում: 2011թ. «Armenia Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր» մրցանակին: 2022թ. նկարահանել է «ՕԹԹԿ» գեղարվեստական ֆիլմը: