Zark Foundation

Սերժ Թանկյան

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում: 8 տարեկան հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Սովորել է տեղի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1993թ. հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, ում հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել, որն անվանել են «Սոլի»: Հրավիրել են նաև Էնդի Խաչատուրյանին և Շավո Օդաջյանին: Դարոնի գրած «Վիքթիմս օֆը դաուն» վեպի հիման վրա՝ խումբը անվանել են «Սիսթեմ օֆը Դաուն» («System of A Down»): Խմբի կազմով սկսել է համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհով մեկ: Բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006թ. արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: Խմբի տղաների հետ ձայնագրել է 5 ձայնասկավառակ, որոնք վաճառվել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրությամբ: Երգիչը հիմնել է նաև «Սերժիքլ սթրայք» սեփական ձայնագրման ստուդիան: Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ` ստեղծել է «Արդարության առանցք» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին` պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը (1915թ.): 2005թ. միջազգային շրջագայության ժամանակ հանդես է եկել ռեժիսոր Քարլա Կարապետյանի Հայոց Ցեղասպանության (1915թ.) և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է երգչի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից: 2006թ. խումբը անորոշ ժամկետով դադարել է աշխատանքը, սակայն 2010թ. կրկին վերամիավորվել է և սկսել ձայնագրություններն ու համերգային շրջագայությունները: Խմբի կազմով 4 անգամ ներկայացվել է ամերիկյան երաժշտական հեղինակավոր «Գրեմի» մրցանակին, որից մեկը շահել է: Նկարահանվել է «Սիսթեմ օֆը Դաուն»-ի ավելի քան 10 տեսահոլովակներում: Խմբից դուրս ձայնագրել է «SerArt» (2003թ., Արտո Թունջբոյաջյանիհետ), «Elect the Dead» (2007թ.), «Imperfect Harmonies» (2010թ.), «Harakiri» (2012թ.), «Orca Symphony No. 1» (2013թ.), «Jazz-Iz-Christ» (2013թ.) ձայնասկավառակները: Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ-վոկալիստը: 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին` Հայոց Ցեղասպանության (1915թ.) ճանաչման պայքարի համար: