Սիրուհի Դավթյան
Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: Սովորել է Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիայում, 1922-23թթ՝ Երևանի համալսարանում։ 1915թ-ից դասավանդել է Դիլիջանի, Բաքվի, Սարատովի և Երևանի դպրոցներում։ Եղել է լուսբաժնի (Դիլիջան և Էջմիածին) և ՀԿԿ ԿԿ դպրոցական բաժնի վարիչ։ Խմբագրել է «Ժողովրդական լուսավորություն» և «Հոկտեմբերիկ» ամսագրերը։ Ստալինյան ռեպրեսիաների պատճառով 1937-47թթ բռնադատվել և աքսորվել է Մագադան, 1954թ. արդարացվել է: 1958-78թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, զբաղվել հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի խնդիրներով։ Ինքնագործ խմբերի համար կազմել է «Ասեղնագործության ձեռնարկ» (1956թ.)։ 1948թ-ից մասնակցել է Երևանի և Մոսկվայի ժողովրդական ստեղծագործության տների ցուցահանդեսներին։ 1967թ. դարձել է ինքնագործ արվեստի համամիութենական փառատոնի դափնեկիր։ Հեղինակել է «Հայկական ժանյակ» (1966թ.), «Հայկական ասեղնագործություն» (1972թ.) և «Հայկական կարպետ» (1975թ.) գրքերը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: