Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Վերին Հյուրուկ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում: Հրաշքով փրկվելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից` նրանց ընտանիքն ապաստանել է Հայաստանի Կոտայքի շրջանի Ելղովան (այժմ` Կոտայք) գյուղում: Ընդհատված ուսումը շարունակել է գաղթականների երեխաների համար Թազագյուղում (այժմ` Նորգյուղ) բացված դպրոցում: 1921-24թթ սովորել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1932թ.` Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը, 1935թ.` ԵՊՀ ասպիրանտուրն: Ուսումնառությանը զուգընթաց աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում որպես հրահանգիչ, Երևանի երկաթուղային հանգույցում` կոմերիտական կազմակերպության քարտուղար: Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև կյանքի վերջը դասավանդել է ԵՊՀ-ում: 1937-41թթ եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, 1937-41թթ, 1955-60թթ և 1964-68թթ` պատմության ֆակուլտետի դեկանը, 1937-40թթ` նաև Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենը: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրա գիտական ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Ֆրիկի դարաշրջանը» (1937թ.), «Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում 9-13-րդ դարերում» (1956թ.), «Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությունը 50 տարում» (1971թ.) և այլ աշխատություններ: Մասնակցել է նաև հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ձեռնարկների ու դասագրքերի ստեղծմանը։ 1956թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1959թ-ից՝ պրոֆեսոր)։ Պատմաբանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն: Եղել է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: Բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային և Սպանդարյանի շրջանային խորհուրդների պատգամավոր: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: