Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, ապա՝ 1783թ-ից Վենետիկի Մխիթարյանների, 1788թ-ից՝ Տրիեստի Սբ. Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792թ. վերադարձել է Կ.Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալերեն, երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793թ. փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ 2-րդ թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805թ.), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ 1810-22թթ պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796թ. գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ.՝ 1910թ.) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։ Գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-15թթ բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային-քաղաքական բանաստեղծությունը։ Մահացել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում: