Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Բերայի ազգային երկսեռ վարժարանում: Բեմական գործունեությունն սկսել է 1857թ.: Խաղացել է նաև թուրքերեն, ֆրանսերեն, իտալերեն: 1861թ-ից մասնակցել է «Արևելյան թատրոնի» ներկայացումներին, 1863թ-ից հանդես եկել Ստեփան Էքշյանի (Զմյուռնիա) և այլ թատերախմբերում, 1868թ-ից՝ Հակոբ Վարդովյանի, «Օսմանյան թատրոնում»: 1878թ. կազմակերպել է պրոֆեսիոնալ օպերետային խումբ, որը բեմադրել է հայկական և թարգմանական օպերետներ: Խմբում հանդես են եկել Սիրանույշը, Գարագաշյան քույրերը, Մարտիրոս Մնակյանը, Դավիթ Թրյանցը, Գոհարիկ Շիրինյանը, Միքայել Չափրաստը և ուրիշներ: Թատերախումբը հյուրախաղերով այցելել է Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի մի շարք քաղաքներ: Խաղացած լավագույն դերերից են՝ Ռ.Սետեֆճյանի «Հայկ դյուցազն» (Բել), Շ.Լեկոքի «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (Մերզուկ), Լամարտիերի «Ռոբերտ ավազակապետ» (Ռոբերտ ավազակապետ), Տ.Չուխաճյանի «Արիֆ» (Արիֆ), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (Հոր-հոր աղա), Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ» (Շապուհ, բեմադրիչ՝ Ս.Պենկլյան, 1899թ., Փարիզ) և այլն: Մահացել է Ալեքսանդրիայում: