Zark Foundation

Սիամանթո

Սիամանթո

Բանաստեղծ

15 օգոստոս, 1878 - 26 օգոստոս, 1915

Ատոմ Յարճանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Ակն քաղաքում: 1891թ. հոր հետ տեղափոխվել է Կ.Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894-96թթ հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում, 1897թ. մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորաում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։ Նրա աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898թ., «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Այնուհետև հրատարակվել են նրա նոր քերթվածները՝ «Անահիտ», «Բանբեր», «Ազատամարտ» և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին բանաստեղծի ստեղծագործության ուղղությունը։ 1902թ. տպագրվել է նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած...»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։ «Հայորդիներ» (1905թ., 1906թ., 1908թ.) բանաստեղծական երեք շարքերում գրողի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կորչել Հայորդուն, նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։ Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց նրա հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր» (1907թ.) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն...»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», «Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»)։ Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտը ստուգելու միտումով 1908թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։ Կ.Պոլսում է ստեղծել իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909թ.) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն» («Գրական ասուլիսներ», գիրք 6, 1913թ.)։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։ Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ գրողը 1909թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա բանաստեղծը կառուցել է «Հայրենի հրավեր» (1909թ.) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։ 1911թ. կրկին վերադարձել է Կ.Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913թ. եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։ Արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911թ., «Թող զորությունը ձեզ խոսի», 1911թ.)։ Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912թ.) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։ Եղել է հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Բանաստեղծի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, սպանվել է աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ` մի ձորում: