Zark Foundation

Սիլվա Բունիաթյան

Սիլվա Բունիաթյան

Դաշնակահար

12 փետրվար, 1917 - 20 մարտ, 2010

Ծնվել է Վլադիկավկազում: Սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նադեժդա Գոլուբովսկայայի դասարանում, որի մանկավարժական սկզբունքները հիմք են դարձել նրա հետագա ինքնուրույն գործունեության համար: 1940-46թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի դաշնակահարը, որի կազմում մասնակցել է բազմաթիվ ներկայացումների և սիմֆոնիկ համերգների՝ դիրիժորներ Կ.Սարաջևի, Մ.Թավրիզյանի, Գ.Բուդաղյանի, Ս.Չարեքյանի և այլոց ղեկավարությամբ: 1950-70թթ նրա մենահամերգները արժանացել են երաժշտասեր հասարակայնության բարձր գնահատականին: Առանձնակի հիշատակման է արժանի 1944թ. Թբիլիսիում Մ.Թավրիզյանի ղեկավարությամբ Ա.Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիային և մինչ այդ, Երևանում 1942թ. Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիային իր մասնակցությունը: 1946թ-ից շուրջ 60 տարի դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դաստիարակել է 80-ից ավելի բարձրակարգ դաշնակահարներ, իսկ 1975-93թթ ղեկավարել է մասնագիտական դաշնամուրի ամբիոնը (1961թ-ից՝ պրոֆեսոր): 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: