
Բանաստեղծ
20 հունվար, 1919 - 25 օգոստոս, 2006
Սիրվարդ Կապուտիկյան
Ծնվել է Երևանում: Եղել է բանաստեղծ Հովհաննես Շիրազի կինը: 1937թ. ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ՝ Ն.Աղբալյանի անվան) դպրոցը, 1941թ.՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-50թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներում: 1933թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին՝ «Պատասխան Թումանյանին» բանաստեղծությունը: 1941թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1944թ. հրատարակվել է նրա առաջին գրքույկը՝ «Երկու զրույց», 1945թ.՝ «Օրերի հետ» ժողովածուն, որտեղ որոշակիորեն երևում են բանաստեղծի պոեզիայի գլխավոր թեմաները (հայրենիք, սեր): Հաջորդ գրքերը՝ «Զանգվի ափին» (1947թ.), «Այս իմ երկիրն է» (1949թ.), ստեղծագործական որոնումների կնիք են կրում: Դրանց արդյունքը եղավ «Իմ հարազատները» (1951թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1952թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1988թ.) ժողովածուն: 1950-ական թվականների կեսերից ստեղծագործական նոր շրջան է սկսվել նրա համար: «Սրտաբաց զրույց» (1955թ.), «Բարի երթ» (1957թ.), «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961թ.) ժողովածուները եղել են հայկական պոեզիայի նվաճումներից: «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմում, «Ասում են լինել» շարքում և հայրենասիրական մյուս նվագներում անդրադառնալով հայ ժողովրդի ճակատագրին, նրա սխրանքներով ու ողբերգություններով լի ճանապարհին՝ հեղինակն այն դիտում է ժամանակակից հայ մարդու հայեցակետից, բացահայտում հարազատ ժողովրդի նորագույն վերածննդի խորհուրդը, մտորում նրա ներկայի ու գալիքի մասին: «Դեպի խորքը լեռան» (1972թ.) ժողովածուն այդ թեմայի խորացումն է: Նրա պոեզիայի մյուս էական կողմը սիրային քնարերգությունն է: Տարբեր տարիների գրված ոչ մեծ բանաստեղծությունների տողերից հառնում է քնարական հերոսուհու՝ իր բարդ, դժվարին կյանքը ապրող, իր էությանը հավատարիմ կնոջ կերպարը: 1962-63թթ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս կատարած շրջագայությունից հետո հրատարակել է «Քարավանները դեռ քայլում են» (1964թ.) ուղեգրությունը: 1973թ. Կանադայի և ԱՄՆ–ի հայկական գաղթավայրերն այցելելու արդյունքն է «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976թ.) գիրքը: Այս երկու գրքում էլ գծված է փորձություններով լի այն ուղին, որ 1915թ-ից ի վեր անցել է հայրենի հողից քշված հայը, արտահայտված է այն գաղափարը, որ աշխարհասփյուռ հայությունը ուծացումից փրկելու կարևորագույն երաշխիքը Հայաստանի ծաղկումն է: Եղել է նաև Եթովպիայի, Ֆրանսիայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է տարբեր ուղեգրություններում («Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին»): Հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք ամփոփված են «Փոքրիկ Արա, ականջ արա» (1948թ.), «Տանը, բակում, փողոցում» (1953թ.), «Մեր Լալիկը, սիրունիկը» (1955թ.), «Մի տարով էլ մեծացանք» (1958թ.) ժողովածուներում: Նրա մի շարք հրապարակախոսական հոդվածներում արծարծված են մեր ժամանակի մարդուն հուզող համաժողովրդական կարևորության հարցեր: Գրել է «Կռունկ, ուստի կուգաս» և «Եվ դո՞ւ, Բրուտոս» դրամատիկական երկերը: Վերջինս բեմադրվել է (1976թ.) հայկական հեռուստատեսությամբ: Բազմաթիվ գործեր է թարգմանել այլազգի դասական ու ժամանակակից բանաստեղծներից: Նրա շուրջ 70 գրքերը թարգմանվել ու լույս են տեսել աշխարհի մի շարք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլն): Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով: Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր, ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: 1970թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1980թ.` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման, 1986թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 1989թ.` իտալական «Նոսիդիե» միջազգային գրական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ մաշտոց» շքանշանի: 1998թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Արժանացել է նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության պետական և ՀԳՄ Ա.Իսահակյանի անվան մրցանակների: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 2007թ. Սիլվա Կապուտիկյանի անունով փողոց է կոչվել Երևանում: 2009թ. նրա ապրած տանը բացվել է տուն-թանգարան: