Zark Foundation

Սիլվա Յուզբաշյան

Սիլվա Յուզբաշյան

Ասմունքող, դերասանուհի

Ծնվել է 1954թ. հունիսի 10-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1976-80թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մ.Գորկու «Հատակում» (Վասիլիսա), Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ» (Թուխծամ) և այլն: 1980թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար-ասմունքող է: 1984-2005թթ զուգահեռ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի գրական խմբագրությունում` որպես հնչյունային ռեժիսոր-ասմունքող: Երկացանկում եղել է Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից: 1988թ. և 1992թ. ամերիկահայ համայնքի հրավերով Համո Սահյանի և Վահագն Դավթյանի հետ շրջագայել է ԱՄՆ տարբեր քաղաքներում` ներկայացնելով բանաստեղծների ստեղծագործությունները: Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Բեյրութ, Իրան, Սիրիա, Քուվեյթ, ԱՄԷ և այլուր: 2004թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած մենահամերգից հետո, պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ մրցանակով: 1986թ. արժանացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակի դափնեկրի կոչման: 1991թ. և 1999թ. արժանացել է Հարավային Քալիֆորնիայի «Motion Picture» և «Golden Holo Award» մրցանակներին, 2006թ.` ՀՀ վարչապետի մրցանակին, 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012թ.` ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալի, 2014թ.` «Համո Սահյան» մեդալի: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: