Ծնվել է 1944թ. օգոստոսի 15-ին, Բուլղարիայի Իսկրեց գյուղում: Հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ հունգարական ծագումով բուլղարիացի: Եղել է ֆրանսիացի երգիչ, դերասան Ջոնի Հոլիդեի կինը: 1952թ. Սոֆիայից տեղափոխվել է Փարիզ: Ուսանել է «Էլեն Բուշեի լիցեյ» աղջիկների հեղինակավոր հաստատությունում, որտեղ հրապուրվել է ջազով, ռոքով: Մենակատար երգչուհու առաջխաղացումը սկսվել է 1961թ., երբ պայմանագիր է կնքել «RCA» ընկերության հետ և Ժիլբեր Բեկոյի հետ մեկնել հյուրախաղերի: Նույն տարում առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, որից հետո երկու անգամ ելույթ ունեցել «Օլիմպիա» բեմում: Լայն արձագանք է գտել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած և երգչուհու կատարած «Ամենագեղեցիկը պարելու է գնում» երգը: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում: 2004թ. լույս է տեսել «Ստվերի ու լույսի միջև» նրա կենսագրությունը: Արդեն առաջին շաբաթներին վաճառվել է ավելի քան 200 հազար օրինակ: Գրականության ու արվեստի ոլորտում արժանացել է բազմաթիվ պարգևների: Նույն թվականին, երկարատև ընդմիջումից հետո սկսել է ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում: Զբաղվել է նաև բարեսիրական գործունեությամբ: Նրան շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Պատվո դեսպան» տիտղոս: Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել մի շարք համաշխարհային հյուրախաղերով: Վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայներիզ: 1998թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանի: