Zark Foundation

Սիմեոն Կաֆացի

Սիմեոն Կաֆացի

Բանաստեղծ, տաղերգու

17-րդ դար

Ծնվել, ապրել է Կաֆա քաղաքում։ Տաղերից երևում է, որ կանոնավոր հոգևոր կրթություն է ստացել, սակայն եղել է աշխարհական (արհեստավոր)։ «Սիրուն է վարդն ի մէջ ծաղկանց ամենէ» սկսվածքով տաղում ինքն իր մասին ասել է. «Ձգե կօշիկ կարելն»։ Գրել է Մարիամ Աստվածածնին ձոնված տաղ և կրոնական բնույթի (ապաշխարության) տաղեր։ Մարդկային կյանքի չարյաց պատճառն է համարել մամոնային ծառայելը։ Նրա ստեղծագործության մեջ առավել ուշագրավը «էանց ցուրտ ձմեռն և վիշտն աշխարհի» (գրված 1685թ.՝ ոմն վաճառական Հարությունի պատվերով) և «Եկ պիւլպիւլ իմ գարնանային» սկսվածքներով տաղերն են, որոնցում զուգորդվել են սիրո ու բնության մոտիվները։ Ունի խառը տաղ՝ գրված հայերեն ու թուրքերեն։ Նա բանաստեղծական արվեստով մի կողմից հարում է միջնադարի հայ տաղերգությանը, մյուս կողմից ժողովրդական-աշուղական երգերին։