Ծնվել է Ջուղայում։ 1605թ. «մեծ բռնագաղթի» ժամանակ տեղափոխվել է Նոր Ջուղա (Իրան), որտեղ էլ ստացել է սկզբնական կրթությունը։ 1620թ-ից աշակերտել է Խաչատուր Կեսարացուն։ 1630թ. Էջմիածնի նվիրակ Խաչաաուր Կեսարացուհետ մեկնել է Լվով (ճանապարհին այցելել Փոքր Ասիայի հայաշատ վայրերը, Կ.Պոլիս, Ղրիմ և այլն)։ Լվովում կաթոլիկ միսիոներները տեղի հայերի կաթոլիկացմանը ընդդիմացող Էջմիածնի պատվիրակներին վարկաբեկելու դիտավորությամբ կազմակերպել են դավանաբանական և գիտական բանավեճ, որում վերջիններս պարտվել են և վերադարձել Հայաստան։ 1631թ. սկզբին Երևանում Ոսկան Երևանցու հետ փիլիսոփայություն է ուսանել ճանաչված փիլիսոփա և մանկավարժ Մելքիսեթ Վժանեցու մոտ, ապա հաստատվել Էջմիածնում։ 1631թ. աշնանը վերադարձել է Նոր Ջուղա, որտեղ մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել է ինքնակրթությամբ։ Ակտիվորեն մասնակցել է Խաչատուր Կեսարացու հայկական տպարանի հիմնադրմանը (1638թ.) և հետագա աշխատանքներին։ 1641թ. օծվել է վարդապետ, տեղափոխվել Հովհաննավանք, ապա՝ Էջմիածին և զգալիորեն նպաստել դպրոցական կյանքի և գիտական ու փիլիսոփայական մտքի աշխուժացմանը։ 1640-ական թվականների կեսին տեղափոխվել է Հավուց Թառի վանք և ստացել եպիսկոպոսի աստիճան։ 1656թ. շրջագայել է Թուրքիայի հայկական գավառներում։ Կրոնադավանաբանական ըմբռնումներով եղել է 17-րդ դարում վերաբորբոքված միարարական (ունիթոռական) շարժման հակառակորդը. պաշտպանել է հայ եկեղեցու ինքնուրույնության իրավունքը, նպաստել ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Եղել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու, Պրոկլ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու և այլոց փիլիսոփայական սկզբունքների շարունակողն ու զարգացնողը։ Խմբագրել է Պրոկլ Դիադոխոսի «Շաղկապք աստվածաբանականք» երկի և նրան կից ոմն Օմելախոսի մեկնությունների Սիմեոն Պղնձահանեցու վրացերենից հայերեն կատարած թարգմանությունը, ինչպես նաև գրել Պրոկլ Դիադոխոսի աշխատության մեկնություններ (Երևանի Մ.Սաշտոցի անվան Մատենադարան)։ Պրոկլի աշխատության այդ խմբագրությունը և մեկնությունները վրացական մշակույթի նշանավոր գործիչ Հովհան Օրբելիանիի նախաձեռնությամբ Փիլիպոս Ղայթմազյանը և Նիկողայոս Կրոնավորը թարգմանել են վրացերեն (1757թ.)։ Նա փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ընդունել է Աստծո գոյությունն ու արարչագործությունը, սակայն, նրա կարծիքով, աշխարհի արարումից հետո Աստված այլևս չի միջամտում նրա զարգացմանը, դա տեղի է ունենում բնության ներքին օրինաչափություններով։ Նրա գոյաբանական ըմբռնման մեջ նկատվում է պանթեիստական միտում։ Իմացաբանության հարցերում նա եղել է սենսուալիստ, կասկածից վեր է համարել ճանաչողությանը նախորդող և նրանից անկախ արտաքին աշխարհի գոյությունը և նրա ճանաչելիությունը։ Իրերն ու երևույթները դիտելով անխզելի կապի մեջ՝ նա գտնում է, որ սկզբունքորեն ամեն ինչ ճանաչելի է և ճանաչվածների միջոցով հնարավոր է ճանաչել չճանաչվածը։ «...Սարդոյ ոչ է ծանօթ ամենայն էակ և ոչ ամենայնն անծանօթ, վասն որոյ եկն ի մէջ առարկութիւն, զի ի ձեռն ծանօթից՝ գտանիցի անծանօթն, զի ամենայն էակք՝ շարախառնեալ են առ միմեանս» («Դիրք տրամաբանութեան», 1728թ.)։ Իմացության աղբյուր է ընդունել զգայությունները, հայ փիլիսոփայության մեջ առաջինը դրանք բաժանել արտաքինի և ներքինի՝ հիմք ընդունելով զգայության առարկայի անմիջական կամ միջնորդավորված առկայությունը։ Սկսվելով արտաքին զգայություններից՝ ճանաչողությունը ավարտվում է բանական աստիճանում: Շարունակելով Նեմեսիոս Եմեսացու, Հովհաննես Երզնկացու և այլոց գիծը՝ փորձել է պարզել ճանաչողության մարդակազմական-բնախոսական հիմքերը՝ ճանաչողությունը կապելով մարդու գլխուղեղի հետ, որը բաժանել է առաջին, միջին և հետին մասերի՝ դրանցից յուրաքանչյուրը դիտելով որպես իմացական այս կամ այն կարողության կենտրոն։ Քննել է ունիվերսալիաների հարցը, քննադատել ինչպես ռեալիստներին, այնպես էլ ծայրահեղ նոմինալիստներին՝ ցուցաբերելով կոնցեպտուալիստական դիրքորոշում, իսկ առանձին դեպքերում փորձելով վեր բարձրանալ դրանից։ Ճանաչողության տեսության առնչությամբ նա շոշափել է նաև գիտությունների դասակարգման, դրանց կապի, փոխհարաբերության, տեղի, դերի, իմացական նշանակության և այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ զարգացնելով Դավիթ Անհաղթից սերող ավանդույթները՝ հաճախ արտահայտել է միանգամայն թարմ մտքեր։ Նրա կարծիքով, բոլոր գիտություններն ուսումնասիրում են իրականության տարբեր կողմերը և սերտորեն փոխկապակցված են ու նպաստում են մեկը մյուսին։ Նրա տրամաբանական ուսմունքը շարադրված է «Գիրք տրամաբանութեան» երկում (հրտ.՝ 1728թ.), որը 18-րդ դարի կեսին վրացերեն է թարգմանվել «Դիալեկտիկա» վերնագրով ու լայնորեն օգտագործվել Անտոնիոս Բագրատիոնիի, Հովհան Բագրատիոնիի և ուրիշների աշխատություններում։ Քննարկել է տրամաբանության առարկայի, գիտությունների համակարգում նրա տեղի ու դերի, տրամաբանության տեսակների ու բնույթի, դրանց ճանաչողական նշանակության հարցերը, ինչպես նաև տրամաբանական մտածողության ձևերը՝ հասկացություն, դատողություն, մտահանգում, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջինին՝ տրամաբանությունը համարելով նախ և առաջ գիտություն մտահանգումների մասին։ Նրա գրչին է պատկանում նաև «Արտադրութիւն վասն անձին մարդոյ» անավարտ փիլիսոփայական երկը (մասնակի հրտ.՝ 1728թ., լրիվ՝ 1794թ., որպես «Գիրք տրամաբանութեան» աշխատության հավելված)։ Գրել է նաև «Գիրք որ կոչի քերականութիւն» (1637թ., հրտ.՝ 1725թ.) աշխատությունը, որտեղ, օգտագործելով Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, աշխատել է դրանով իսկ խուսափել լատինաբանությունից։ Քերականության նյութ է համարել գիրը կամ տառը, վանկը, բառը և «բանը»։ Հայերենի տառերը (հնչյունները) բաժանել է ձայնավորների (սուղեր, առաջագիրներ), բաղաձայնների (թավեր, լծորդներ, անձայններ, կրկնակներ) և երկբարբառների։ Խոսքի մասերը քննելիս բառը վերցրել է խոսքից դուրս՝ իբրև «կիրառելիք», և կապակցության մեջ՝ իբրև «կիրառություն»։ Ընդունել է 8 խոսքի մաս. անվանը հատկացրել է 6 քերականական կարգ՝ քանակ (այսինքն՝ անունների բաժանումը հատուկների և հասարակների), սեռ, ձև և տեսակ (պարզ և բարդ բառեր), թիվ և հոլով (10), բային՝ 4 սեռ (ներգործական, կրավորական, «ընդմիջական»՝ չեզոք, և հասարակ), տեսակ, ձև, թիվ, դեմք, ժամանակ (ներկա, անցյալ, ապառնի), եղանակ (սահմանական, հրամայական, ըղձական, ստորադասական, աներևույթ), լծորդություններ՝ ա, ե, ու, ի։ Անդրադարձել է նաև դերանուններին, հոդերին, մակբայներին և այլն։ Նրա անունն ու առանձին մտքեր դեռևս 17-րդ դարում, շնորհիվ նրա գաղափարական մոլի հակառակորդ Գաչանոս Կղեմեսի, հայտնի են դարձել եվրոպական գրակականությանը։ Ավարտելով հայ փիլիսոփայական մտքի ընդհատված առաջադիմական ավանդույթների 17-րդ դարում սկսած վերականգնման ընթացքը՝ նա դրել է նոր շրջանի փիլիսոփայության զարգացման սկիզբը։ Մահացել է Եվդոկիայում: