Ծնվել է Տրապիզոնում: Ուսանել է ծննդավայրում, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1895թ. դարձել է միաբանության անդամ: 1899-1905թթ խմբագրել է «Բազմավեպը», 1901թ-ից` նաև «Գեղունի» հանդեսը: 1896թ. Վենետիկում հրատարակել է «Նոր կենդանաբանություն և մարդաբանություն պատմական և նկարագրական», 1898թ.՝ «Տարվինականության կամ տեսակաց և մարդուս ծագման խնդիրը», 1901թ.` «Հայ բժշկարանք» աշխատությունները: Ուշագրավ է «Պատկերազարդ բառգիրք գործնական գիտությանց» (1900թ.) աշխատություն-հանրագիտարանը: Հրատարակել է գեղարվեստական ստեղծագործություններ` «Տուրկին» (1903թ.), «Տագնապը» (1904թ.) վիպակները, «Անեծք» (1903թ.), «Սաթենիկ» (1904թ.), «Ուխտը» (1905թ.) ողբերգությունները, «Պատկերներ, արձակ քնարական բանաստեղծություններ»-ը (Վենետիկ, 1913թ.), հուշեր: Լույս է ընծայել գրականագիտական ուսումնասիրություններ` «Կենսագրություն Ղևոնդ Ալիշանի» (1902թ.), «Գրական պատմություն և գեղեցիկը» (1915թ.), «Գրագետ հայեր» 10 հատորանոց աշխատությունը (1913-33թթ), որտեղ տված են հայ մշակութային գործիչների (Ղևոնդ Ալիշան, Ղազարոս Աղայան, Հակոբ Պարոնյան, Տիգրան Կամսարական և այլն) դիմանկար-բնութագրականները: Մահացել է Միլանում: