Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1961թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին` Էդվարդ Միրզոյանի դասարան: Դիպլոմային աշխատանքն էր` «Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին» երգչախմբի և նվագախմբի համար գրված ստեղծագործությունը` Ե.Չարենցի խոսքերով, որն եղել է առաջին ռեքվիեմը հայ երաժշտության մեջ: 1976թ-ից եղել է Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, 1966թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1984թ-ից` վարչության անդամ: 1969թ. Մոսկվայում, ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների 3-րդ մրցույթում արժանացել է դիպլոմի` «Սիմֆոնիկ պոեմ»-ի համար: 1985թ. Չեխոսլովակիայում կոմպոզիտորների 3-րդ Միջազգային մրցույթում «Պիեսներ ֆլեյտայի և հոբոյի համար» ստեղծագործությունը արժանացել է դիպլոմի, իսկ 1988թ. նույն մրցույթում «Հայկական մանրանվագներ» դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը արժանացել է 1-ին մրցանակին: 1982թ. թողարկվել է կոմպոզիտորի հեղինակային ձայնապնակը: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` Հայաստանի կույրերի միավորման «Պատվավոր անդամ» կոչման: 2010թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով: Մահացել է Երևանում: