Zark Foundation

Սիմոն Վրացյան

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

2 հունիս, 1882 - 21 մայիս, 1969

Սիմոն Գրուզինյան
Ծնվել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) Մեծ Սալա գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում: 1900-06թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1908-10թթ՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։ 1906թ-ից սկսել է հեղափոխական գործունեությունը, զենք է ձեռք բերել և ուղարկել Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907թ. մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ 1910թ. Մոսկվայում լույս է ընծայել «Հասկ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունն առգրավել է։ Վախենալով հետապնդումից փախել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կ.Պոլիս։ Հետագա տարիներին դասավանդել է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրել է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ 1911-13թթ ԱՄՆ-ում թողարկել է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։ 1918թ. ընտրվել է Անդրկովկասյան Սեյմի, 1919թ.՝ դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918թ. անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։ Հայաստանի անկախության հռչակումից հետո (1918թ.) նշանակվել է Հարավ-ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920թ. մայիսին նշանակվել է Հ.Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920թ. նոյեմբերին՝ ՀՀ կառավարության վարչապետ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Այս կոմիտեն 1921թ. փետրվարին Երևանում կատարել է հեղափոխության անհաջող փորձ, ինչը դարձել է մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի պատճառ։ Սրանք հայտնի են նաև Փետրվարյան ապստամբություն անունով։ Անհաջողության պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Գարեգին Նժդեհի հետ դուրս է եկել երկրից։ 1921թ. օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։ Շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1945թ., որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ, վերջնագիր է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով պատմական անարդարության վրա՝ հայ ժողովրդի հանդեպ։ 1951թ-ից մինչև կյանքի վերջը եղել է Բեյրութի «Նշան Պալանջյան» վարժարանի տնօրենը: Գրել է պատմագիտական և հուշագրական արժեքավոր աշխատություններ («Հայաստանի Հանրապետություն», 1928թ., «Կյանքի ուղիներով», հ.1-6, 1955-67թթ, «Հին թղթեր նոր պատմության համար», 1962թ., նամակների ժողովածու և այլն), հրատարակել է «Վեմ» հանդեսը (1933-38թթ), կարդացել զեկուցումներ («Քաղաքական մոմենտի մասին» և այլն)։ Մահացել է Բեյրութում: