Ծնվել է Արցախի Բանանց գյուղում: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ: Համալսարանական երաժշական համույթի համերգներից մեկում ընկերների խնդրանքով փոխարինել է համույթի վատառողջ մեներգչին, որից հետո շարունակել է երգչի գործունեությունը: Հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում: Եղել է Ռոբերտ Ամիրխանյանիերգերի առաջին կատարողներից մեկը: 1968թ. Կոնստանտին Օրբելյանի հրավերով միացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի: Նրա ելույթները եղել են թատերականացված փոքր ներկայացումներ, որոնք գերել են բոլորին: Համույթի կազմում համերգներով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ տրածքում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ունեցել է շուրջ 7 հազար համերգ: Նույն բեմի վրա երգել է Հուլիո Իգլեսիասի, Ջաննի Մորանդիի, Լիլի Իվանովայի, Մարիլյա Ռոդովիչի, Ալլա Պուգաչյովայի և բազմաթիվ այլ հայտնի արտիստների հետ: Ճանաչվել է Շարլ Ազնավուրի երգերի լավագույն կատարող: 1982թ. անսպասելիորեն հեռացել է բեմից և մինչ կյանքի ավարտն այդպես էլ չի տվել պատասխանն այն հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել: Չեն պահպանվել նրա 1960-70-ականնրի ելույթների ձայնագրությունները: Առկա են միայն համերգների ընթացքում կատարված 10-12 սիրողական ձայնագրություններ և 1994թ. ձայնագրված 6 երգեր: 1980-90-ականներին աշխատել է որպես երաժշտական դպրոց-ստուդիայի տնօրեն, «Կարին» միավորման արհմիության կոմիտեի նախագահ, իսկ 1995-2000թթ եղել է պատանեկան «Բոհեմ» մրցույթի ժյուրիի նախագահը: 1994թ. Երևանի մարզահամերգային համալիրում կայացել է Սիմոն Տերյանի «Վերջին սկիզբ» խորագրով թատերականացված համերգ-բենեֆիսը, որի ավարտին վերջին անգամ ելույթ է ունեցել հայտնի կատարումներով: Մահացել է Երևանում: