Zark Foundation

Սիրուն Մանգուրյան

Սիրուն Մանգուրյան

Օպերային երգչուհի

1 մայիս, 1907 - 13 ապրիլ, 1989

Սիրուն Շահինյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Փրկվելով Հայոց ցեղապսանությունից (1915թ.)՝ 1921թ. հոր հետ տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1929թ. հաստատվել է Քալիֆորնիայում, որտեղ ուսանել է երաժշտական արվեստ, ձայնի մշակում, սովորել Լոս Անջելեսի Սիթի քոլեջում: Սովորել է նաև տարբեր լեզուներ, օպերային բեմադրություն, արժանացել պարգևների և կրթաթոշակների: Նրա ձայնը մշակող ուսուցիչներից են եղել Հելեն Բեյթս Օմերոնը և Դեմետրի Անդրեոն: Նրա առաջին դերերգը Կարմենն էր՝ Ժ.Բիզեի «Կարմեն» օպերայում, որը կատարել է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի բեմում: Կարմենի դերերգից հետո Հոլիվուդի «Էմ-Ջի-Էմ» և «Քոլումբիա» կինոստուդիաները նրա հետ պայմանագիր կնքեցին՝ առաջարկելով որպես ձայնափոխանորդ երգելու կինոաստղեր Ժանետ Մաքդոնալդի, Քեթրին Գրեյսի և Այրին Դունի փոխարեն: 1932թ. հրավիրվել է կատարելու Ալիսի դերերգը (Դոնիցետտիի «Լուչիա դե Լամերմուր») Լոս Անջելեսի Գրանդ օպերայում Լա Սկալայի և Մետրոպոլիտենի նշանավոր երգիչներԼիլի Պոնզի, Ֆրանչեսկո Մերլիի, Ալֆրեդո Գանդոլֆիի հետ: Հետագայում շարունակել է կատարողական գործունեությունը Հոլիվուդի Բոլում այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Մարիա Ջերիցան, Նովանտան: Անդամակցել է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի Գրանդ օպերային և Ամերիկյան օպերային ընկերակցությանը: Որպես ազգային հեռուստատեսային ընկերության մենակատար մի շարք նշանավոր արտիստների հետ հանդես է եկել սոպրանոյի և մեցցո-սոպրանոյի այնպիսի գլխավոր դերերգերով, ինչպիսիք են՝ Աիդա (Վերդիի «Աիդա»), Ազուչենա («Տրուբադուր»), Ջիովաննա («Ռիգոլետտո»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Բեպպե, Լոլա (Մասկանիի «Բարեկամ Ֆրից», «Գեղջկական ասպետություն») և այլն: Հյուրախաղերով հանդս եկել մի շարք երկրներում, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում: Համերգային ծրագրերում միշտ ընդգրկել է հայ կոմպոզիտորների գործեր՝ Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Կարա-Մուրզայի: Եղել է Հայ արվեստի ընկերության հիմնադիրներից: Բեմը թողելուց հետո զբաղվել է նկարչությամբ ու խեցեգործությամբ, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների: Մահացել է Լոս Անջելեսում: