Ծնվել է 1962թ. մայիսի 3-ին, ՀՀ Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա գյուղում: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանի արվեստանոցը, 1998թ.` ռեժիսորական ֆակուլտետը` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցը: Եղել է Սերգեյ Փարաջանովի աշակերտը: 1983թ., Վրաստանի մշակույթի նախարարության հրավերով, մի խումբ հայ դերասանների հետ տեղափոխվել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ 2001թ.: Ղեկավարել է նաև թատրոնին կից դերասանական ստուդիան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Մարկիզ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Սողոմոն), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ամուսին), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Գարեգին), Կ.Մանյեի «Բլեզ» (Բլեզ) և այլն: Որպես բեմադրիչ հանդես է եկել Թբիլիսիի հայկական դրամատիկական, Երևանի Պատանի հանդիսատեսի, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Մոսկվայի հայկական թատրոններում: Բեմադրել է Ս.Պողոսյանի և Ս.Ստեփանյանի «Արտաշեսի կրքերը», Ժ.Կոկտոյի «Ձայն մարդկային», Ֆ.Արրաբալի «Պիկնիկ», Վ.Սարոյանի «Հեյ, ով կա» և այլ պիեսներ, օպերաներ: Նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Վրացֆիլմ» և այլ կինոստուդիաներում: Ֆիլմերից են` «Աշուղ Ղարիբը» (1988թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Անտիկիլլեր 2» (2003թ.), «Բայազետ» (2003թ.), «Սիրո գինը» (2005թ.), «Ատաման» (2005թ.), «Հետախուզական խաղեր» (2006թ.), «Մայոր Վետրով» (2007թ.), «Սև ոչխար» (2009թ.), «Ծառայում եմ Սովետական Միությանը» (2012թ.), «Մետրո» (2012թ.), «Վերջին Մոհիկյանը» (2013-14թթ) և այլն: 2002թ-ից Մոսկվայի Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Рубик Всемогущий» հեռուստանախագծին: Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային թատերական փառատոների, արժանացել դափնեկրի կոչումների: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, 2008թ.` «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալների, 2010թ.` ՀՀ ԱԺ, սփյուռքի նախարարության և այլ պատվոգրերի: Վրաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների, Մոսկվայի դերասանների միությունների, անդամ է: