Սմբատ Տեր-Ղազարյանց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքում: Կրթությունն ստացել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880թ. և վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի կիլիկիան ընկերության դպրոցի տնօրեն։ Հետևել է նաև Սորբոնի համալսարանի մանկավարժության դասնթացներին: Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1885թ. Սիս քաղաքում բացել է վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Կ.Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896թ. կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս և Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա` «Նոր օր» եռօրյա թերթը։ 1907թ. մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Կ.Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910թ.։ 1909-10թթ հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա` ծավալուն վեպեր` «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-12թթ։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։ Գրել է նաև պատմական աշխատություններ` «Հայկական ընդհանուր պատմություն» (1912թ.), «Արևելյան խնդիր» (1914թ.) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ` Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլն։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-32թթ։ Եղել է Հայոց ցեղասպանության զոհ, սպանվել է Այաս քաղաքում, Կ.Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ 1997թ. Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով: