Սմբատ Շահազիզյանց
Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Եղել է հայ նոր պոեզիայի հիմնադիրներից։ 1860թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1862թ.՝ կից լիցեյը։ 1862թ. նշանակվել է ճեմարանի նախակրթարանի ուսուցիչ և վերակացու։ 1867թ., Պետերբուրգի համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, ստացել է «արևելյան լեզուների թեկնածուի» գիտական աստիճան։ 1873թ. ստանձնել է ճեմարանի կրտսեր և ավագ խմբերի հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը։ 1897թ., Լազարյան ճեմարանում 35 տարի պաշտոնավարելուց հետո, անցել է հանգստի։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1859թ. «Ճռաքաղ» ամսագրում։ 1860թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Ազատության ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն ամփոփում է բնության, սիրո, հայրենասիրության, պատմական հերոսներին նվիրված երգեր։ Բանաստեղծի ստեղծագործական կյանքը սերտորեն կապված է «Հյուսիսափայլ»-ի հետ (աշխատակցել է 1861թ-ից մինչև ամսագրի դադարելը), որի առաջավոր գաղափարների ազդեցությամբ հասունացել է գրողը։ 1865թ. լույս է տեսել նրա գեղարվեստական ստեղծագործությունների երկրորդ գիրքը՝ «Լեռնի վիշտը» խորագրով։ Այստեղ, համանուն պոեմից բացի, զետեղված են նաև բանաստեղծություններ, որոնցում հասարակական-քաղաքական գաղափարները շատ ցայտուն են արտահայտվում։ Հեղինակը բողոքում է սոցիալական ճնշման դեմ («Ազգային վիճակ», 1861թ.), ծառանում ընդդեմ ամեն տեսակի բռնակալության («Բռնավոր սուլթան», 1864թ.), ձոներգում է Զեյթունի հերոսամարտերը («Եզվիտներ և Զեյթուն», 1864թ.), արտահայտում է սեր հայրենիքի, հայրենի բնաշխարհի հանդեպ («Գիշեր», 1861թ.)։ Հանրահայտ է նրա «Երազ» (1864թ.) բանաստեղծությունը՝ հայ քնարերգության գոհարներից մեկը, որը վերածված է երգի։ «Լևոնի վիշտը» պոեմը, որ հեղինակն անվանել է «ժամանակակից վեպք», գրողի գլուխգործոցն է՝ կառուցված անհատ հերոսի ու հասարակության բախման վրա։ Այստեղ ավելի պարզորոշ են երևում բանաստեղծի աշխարհայացքն ու ստեղծագործական որոնումները։ Կերտել է ժողովրդի լուսավորության հարցերով խորապես ապրող, կյանքը վերափոխել ցանկացող հերոսի հավաքական կերպարը։ 1892թ. տոնվել է բանաստեղծի գրական-մանկավարժական գործունեության 30-ամյակը։ Այդ առիթով արտասանված ճառերը, տպագրված հոդվածները, ինչպես նաև 1870-ական թվականներին գրած իր յոթ բանաստեղծությունները հրատարակել է 1893թ.՝ «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուում։ Սրանից ստացված գումարը նա տրամադրել է «հասարակաց օգտին»՝ 1893թ. հիմնադրելով «Աբովյան-Նազարյան» ֆոնդը, որից օգտվել են հայ կարիքավոր գրողները։ 1898-99թթ Մոսկվայում ստեղծել ու գլխավորել է մի «մասնախումբ», որը կազմակերպել է Արևմտյան Հայաստանում համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը։ Նրա գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի հրապարակախոսությունը։ Ինչպես պոեզիայում, այնպես էլ այստեղ բանաստեղծն արձագանքել է ժամանակի հրատապ հարցերին։ Պաշտպանել է նոր զարգացող աշխարհաբարի իրավունքները՝ պայքարելով կղերապահպանողական հայացքների դեմ («Հրապարակախոս ձայն», 1881թ.), քննադատել է ուսուցման ու դաստիարակության հին համակարգը, հանդես եկել որպես նորի, առաջավորի ջատագով («Ամառնային նամակներ», 1897թ.)։ Մերկացրել է ռուսական հայահալած քաղաքականությունը, դատապարտել բռնակալությունը («Հիշողություններ Վարդանանց տոնի առիթով», 1901թ.), պաշտպանել է ճնշված ժողովուրդների իրավունքները, համակրանքով խոսել նրանց ստեղծած հոգևոր արժեքների, մշակույթի մասին, դատապարտել եվրոպական և թուրքական կեղծավոր քաղաքականությունը («Մի քանի խոսք իմ ընթերցողներին», 1903թ.)։ Ե՛վ որպես բանաստեղծ, և՛ որպես հրապարակախոս ու մանկավարժ, նշանակալից դեր է կատարել հայ գրականության և հասարակական մտքի պատմության մեջ: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական պանթեոնում: