Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Հարությունյանի կինն է: 1978թ. ավարտել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է դպրոցական գեղարվեստական դաստիարակության տան թատերական և երաժշտական բաժիններում: 1973թ. երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977թ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում: 1978թ. առաջին անգամ բեմ է բարձրացել նվագախմբի հետ: 1979թ. ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը: 1980թ-ից երգել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1981թ. դարձել է «Յունոստ Բալտիկի» միջազգային երգի փառատոնի դափնեկիր: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1990թ-ից երգել է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Թողարկել է «Սիրո մեղեդի» (1991թ.), «Հանդիպում» (2001թ.), «Օրոր» (2009թ.), «Նոր տարի» (2010թ.) ձայնասկավառակները: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի: Ձայնագրել է հայ կոմպոզիտորների մի շարք երգեր: Ունի երկու տասնյակից ավել տեսահոլովակներ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: