1662թ. Ոսկան Երևանացու հետ Էջմիածնից մեկնել է Ամստերդամ, ապա՝ Լիվոռնո, Մարսել և հմտացել տպագրության գործում: Ոսկան Երևանցու մահից հետո ժառանգել է նրա տպարանը և իր հավատարմատար Նասիբ Գրիգորյանի, գրաշար Մատթեոս Վանանդեցու ընկերակցությամբ 1674-77թթ Մարսելում ավարտել Ոսկանի սկսած «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի»-ի տպագրությունը, հրատարակել Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» (1674թ.), առաջին տպագիր աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675թ.) թվաբանական ձեռնարկը, «Կանոնք զգուշութեամբ պահելո գանձն» (1675թ.) առողջապահական խրատները, «Գիրք վայելուչ և հարկաւոր...» (1675թ.) օրացույցը, Այբբենարան, Մաշտոց, Սաղմոսարան և այլն: Տպարանի ժառանգության և դավանաբանական խնդիրների վերաբերյալ վեճերի հետևանքով վեցամյա դադարից հետո, 1683թ. նրան հաջողվել է հրատարակել ևս 3 գիրք՝ «Ակն հոգեկան», «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց», «Պարտէզ հոգևոր»: