Սողոմոն Մովսիսյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Կոփ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է մանկավարժ և ազգագրագետ հոր մոտ: 1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի): Ավարտել ամերկոմի 2-րդ աստիճանի դպրոցը։ 1930թ. ավարտել է Երեանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, այնուհետև զբաղվել խմբագրական աշխատանքով։ Առաջին գրքում («Անապաստաններ», 1926թ., չորս պոեմ) նկարագրել է անապաստան որբերի կյանքը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործության վրա նկատելի է Եղիշե Չարենցիազդեցությունը, որն հատկապես ակնառու է «Առավոտ» (1930թ.) ժողովածուում, որտեղ արձագանքել է «Էպիքական լուսաբաց»-ի առաջադրած ստեղծագործական ծրագրին։ «Սերունդների երգը» (1933թ.), «Դարերի լեգենդը» (1934թ.), «Բանաստեղծություններ» (1940թ.) ժողովածուներում պատկերել է երկրի շինարարությունը, նոր մարդու հոգեբանության ձևավորումը։ Ուշագրավ են «Հայրեններ», «Դավթի երգը» (1946թ.), «Սիամանթո և Խաջեզարե» ժողովրդական ստեղծագործությունների նրա մշակումները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմատիկային անդրադառնալիս («Ռազմի շեփոր», 1941թ., «Պատերազմ», 1942թ., «Կրակե քառուղիներով», 1944թ.) դիմել է մարտակոչին և ուղերձին, գրել է բալլադներ, դյուցազնավեպերի («Հայկ և Բել», «Արամ նահապետ», «Տիգրան և Աժդահակ», «Տիգրան Մեծ», «Ասպետ Լիպարիտ») ու սոնետների («Ժամանակակից սոնետներ», «Պատմական սոնետներ», «Դյուցազնական սոնետներ») թեմատիկ շարքեր։ Հետագա տարիների ստեղծագործություններում («Ամպրոպից հետո», 1948թ., «Մեծ առօրյա», 1953թ., «Կապույտ հեռուներ», 1956թ., «Ավելի լույս», 1958թ., «Ոսկեդար», 1960թ.) պատկերվել է խաղաղ շինարարությունը, ժողովորդների բարեկամությունը, Հայաստանի պատմական անցյալն ու ներկան։ Հեղինակել է նաև արձակ գործեր («Ադավիա», 1936թ., «Նովելներ», 1962թ.) ու մանկական ստեղծագործություններ: Կատարել է նաև թարգմանություններ անտիկ շրջանի, Արևելքի և ռուս բանաստեղծներից։ 1965թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։