Zark Foundation

Սոնա Աբրահամյան

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1989թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Ռեպ երգիչ, պրոդյուսեր Դավիթ Միրոյանի կինն է: 2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: Մինչ 2012թ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում ու մագիստրոսի աստիճան ստացել գրականության տեսություն ու համաշխարհային գրականություն մասնագիտացմամբ: 12 տարեկանում հեռուստատեսային առաջին փորձերը արել է «Հայրենիք» մանկական հեռուստաալիքում, Հայաստանի հանրային ռադիոյում ու «Արմենակոբ» հեռուստաալիքում: 2005-06թթ լրագրության ու հաղորդավարության սեմինարներ է անցել «Ինտերնյուս» կազմակերպությունում ու պատրաստել «Մենք ենք» հաղորդումը: 2006-07թթ Վրաստանում մասնակցել է վավերագրության դասընթացների, որոնց արդյունքում նկարահանել Թբիլիսիսում միջազգային փառատոնին մասնակցած «Եվ կյանքը շարունակվում է» վավերագրական ֆիլմը: 2008-11թթ, իբրև լրագրող ու հաղորդավար, աշխատել է «Բանաձև» ընկերությունում ու պատրաստել «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես», «Ավել-պակաս» հաղորդումները: 2011-12թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաալիքի մշակույթի ու շոու-բիզնեսի բաժնում` որպես հաղորդավար ու լրագրող: 2012-13թթ աշխատել է «Դոմինո» ընկերությունում` որպես լրագրող և հաղորդավար, պատրաստել հեղինակային «ՓոփԱրտ» հաղորդումը: 2013թ. Լոնդոնում մասնակցել է հաշմանդամության թեմայի լուսաբանմանը նվիրված վերապատրաստման դասընթացներին, որին հրավիրված էին նաև մասնագետներ BBC-ից: Նույն թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, 2013-14թթ սոցիալական թեմաներով ռեպորտաժ-ֆիլմեր է պատրաստել «Մարդը և մարդիկ» հաղորդման համար: 2014թ-ից եղել է «Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրողն ու վարողը: 2018թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարում է «Եկեք հասկանանք» հաղորդումը: