Խաչիկ Սոնգոտյան, Աստվածատրյան
Ծնվել է Ռումինիայի Մարոշ-Բոգատ քաղաքում: 1863թ-ից դասավանդել է Գեռլայի հայկական դպրոցում (1894թ. պետականացվել է և վերածվել գիմնազիայի), ապա եղել վերատեսուչ (մինչև 1903թ.)։ 1887-1907թթ հրատարակել է «Արմենիա» ամսագիրը, աշխատակցել «Արևելք», «Մշակ» և այլ պարբերականների։ Հեղինակել է «Սամոշույվար (Գեռլա)՝ հունգարահայերի մետրոպոլիսը գրով և պատկերներով» (հունգարերեն, 1893թ.) և «Սամոշույվար ազատ թագավորական քաղաքի մենագրությունը, 1700-1900թթ» (հունգարերեն, հ.1-2, 1901-03թթ) պատմագիտական աշխատությունները։ «Հունգարահայ գերդաստանների տոհմանունները» (հունգարերեն, 1898թ.) գրքում տվել է Հունգարիայի հայ տոհմանունների ծագումը, ստուգաբանությունը։ 1903թ. տպագրվել է նրա «Հունգարահայ ազգագրություն» գիրքը, 1906թ.՝ «Հունգարների ծագումը և նրանց նախահայրենիքը»։ Հունգարերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1892թ.), հայերեն՝ Շ.Պետեֆիի ստեղծագործություններից։ Նրա ջանքերով ստեղծվել է Գեռլայի հայկական թանգարանը։ Մահացել է Ռումինիայի Գեռլայում: