Մարկ Անտոնիո
Ծնվել է Եվդոկիայում (Թոխաթ): 1562թ. հոր՝ Աբգար Թոխաթեցու հետ Սեբաստիայից մեկնել է Հռոմ (տեղ է հասել 1564թ.)։ Նրան (հոր հետ) ընդունել է Պիոս 4-րդ պապը և որդեգրել։ Հռոմում ստացել է լատինական հիմնավոր կրթություն, օծվել սարկավագ։ Պաշտոնավարել է Վատիկանում, եղել Հռոմի հայոց տան (հյուրանոց-հավաքատեղի) կառավարիչ, համարվել Էջմիածնի և Կիլիկիայի Հայոց կաթողիկոսների նվիրակը Վատիկանում։ Պապի և կարդինալների մոտ ջանքեր է գործադրել Հայաստանի (Սբ. Սիոնի) ազատագրման և հայոց պետականության վերականգնման համար։ 1583թ. նամակ է գրել Էջմիածնի Թադեոս Բ աթոռակից կաթողիկոսին՝ նկարագրելով հոր և իր գործունեությունը, խնդրել գրությամբ հաստատել իր թագավորական ծագումը՝ Հռոմի պապից բերդեր, քաղաքներ, հողամասեր ստանալու, դրանք պանդուխտ հայերի օգնությանը և հայոց պետականության վերականգնման գործին ի սպաս դնելու համար։ Տպագրական գործունեությունը սկսել է 1565թ., Հռոմում, երբ հայրը և ինքը պապից հայերեն տպագրության իրավունք են ստացել։ Հավանաբար, մասնակցել է աբգարյան տառաձևերի ընտրությանը, տպատառերի պատվիրմանը, Վենետիկում Սաղմոսարանի տպագրությանը։ Նրա հորդորով Գրիգոր 13-րդ պապը 1579թ. կարգադրել է հայերեն նոր տպատառեր ձուլել՝ Հռոմում հայալեզու տպագրություն սկսելու համար։ Երեք տեսակի (10 և 16 կետաչափի բոլորգիր և խոշոր գլխագիր) տպատառեր է պատվիրել ֆրանսիացի գրաձուլիչ Ռոբերտ Գրանժոնին։ Նույն թվականին տառերը պատրաստվել են, որոնցով Հռոմում հայերեն գրքեր են տպագրվել մոտ 200 տարի։ Սուլթանշահգրանժոնյան 10 կետաչափի տպատառերը եղան հայերեն ամենատարածված տպագրական տառերի (հասարակ, կորպուս) նախանմուշները։ 1580թ. ընկերակցել է Հովհաննես Տերզնցուն, վերջինս 1584թ. Հռոմի Դոմինիկ Բազա տպարանում տպագրել է «Տօմար գրիգորեան յաւիտենական» գիրքը, իսկ 1586թ. տպագրել է երկու հատված հայոց ծիսարանից (Մաշտոցից)՝ «Կանօն օրհնութեան աղի եւ շրի» և «Օրհնութիւն աղի և շրի յաւուրս կիրակէից», իր գրած հիշատակարանով (զետեղված են Մարկանտոնիո Կոլոնացու «Hydragiologia...» լատիներեն գրքի մեջ, Հռոմ, 1586թ.)։ Որոշ ուսումնասիրողներ կարծել են, թե 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի գործիչ Բարդուղիմեոս Աբգար քահանան նա է։ Այդ կարծիքը վավերական որևէ հաստատում չունի։