Ծնվել է 1963թ. փետրվարի 15-ին, ՀՀ Կարճաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին` «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը 1974թ. տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Աշխատել է Հայաստանի մամուլի կոմիտեում և հանրապետական մամուլում: Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, գերմաներեն, ղազախերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, վրացերեն, ուկրաիներեն ու տեղ են գտել USAID-ի հովանավորությամբ հրատարակված «Ժամանակակից Հայաստանի կին գրողների ստեղծագործություններ», ինչպես նաև Հարավային Կովկասի գրողներն ընդդեմ պատերազմի «Ապրելու ժամանակը» ժողովածուներում, «Դրուժբա նարոդով», «Յուժնի Կավկազ» և մի շարք այլ օտարալեզու հանդեսներում։ Նրա «Ներդաշնակություն» պիեսը թարգմանվել է պարսկերեն և բեմադրվել Իրանում: Հրատարակվել են նրա «Հավերժություն» (1996թ.), «Դարավերջի երկուշաբթին» (2002թ.), «Լուրեր կյանքից» (2006թ.), «Ժառանգաբար փոխանցվող գարուն» (2007թ.), «Խոսքը աշնան մասին է» (2009թ.), «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» (2010թ.), «Խմբանկար մեռյալներով և անմահներով» (2013թ.), «Ագռավները Նոյից առաջ» (2015թ.) գրքերը: 2006թ. գրողի «Լուրեր կյանքից» ժողովածուն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի: 2008թ. «Խոսքը աշնան մասին է» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի: 2010թ. «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին։ 2016թ. «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի և ՀՀ նախագահի մրցանակին: