Ծնվել է 1963թ. հուլիսի 19-ին, Երևանում: 1971թ. ընդունվել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական բաժնում, որն ավարտել է 1982թ.: Ուսման տարիներին մասնակցել է բազում համերգների և միջոցառումների: Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, որտեղ աշխատել է 24 տարի: Որպես մենապարուհի հանդես է եկել «Ախալցխա», «Սրերով պար», «Կռունկներ», «Որսորդ և եղնիկ», «Յաման յար» և այլ բեմադրություններում: Անսամբլի կազմում համերգային շրջագայության է մեկնել Խորհրդային Միության բոլոր հանրապետություններ, արտասահմանյան բազմաթիվ երկրներ՝ Կանադա, Շվեյցարիա, Անգլիա, Պորտուգալիա և այլն: 2002թ. հրավիրվել է Գյումրու «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ՝ ղեկավարելու պարային խումբը, միաժամանակ հանդես է եկել որպես պարուհի և պարուսույց: «Գոհար»-ում բեմադրել է Ռ.Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի», ժողովրդական պարեր «Մշո պար», «Հանինա», «Սարի լալա», Խ.Ավետիսյանի «Կապույտ թռչուն», «Նուբար-Նուբար», «Կռունկներ», «Սիրուս կսպասեմ», «Կապույտ մանուշակ», «Այգեպան աղջիկ», «Հայոց լեռներ» և այլն: Նվագախմբի կազմում մեկնել է համերգային շրջագայությունների ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Լիբանան, Կիպրոս, Մոսկվա, Թուրքիա: Ստամբուլում կայացած համերգները հիմնված էին հայրենասիրական և ազգագրական հենքի վրա: Եղել է 2011թ. Երևանի Ազատության հրապարակում կայացած Հայաստանի տոնին նվիրված մեծ համերգի պարերի բեմադրության հեղինակը: Նվագախմբում աշխատել է մինչև 2012թ.: 2005թ-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում սկզբում որպես դասական պարի ուսուցչուհի, իսկ 2013թ-ից` հայկական պարի ուսուցչուհի: 2021-24թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի բալետմայստեր: 2024թ․ արժանացել է Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալի։