Ծնվել է 1961թ. փետրվարի 25-ին, Հայաստանի Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, 2001-04թթ՝ Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում: 2004թ-ից աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրականագիտության ամբիոնում: Նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժանմունքի վարիչն է: Հրատարակել է հարյուրի հասնող գիտական հոդվածներ և աշխատություններ գրական, գիտական մամուլում (Հայաստանում և արտերկրում), որոնցից մեկը թարգմանվել է իտալերեն (Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնում), մյուսը` անգլերեն (Երուսաղեմի համալսարանի հայագիտության կենտրոնում): 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: ՀԳՄ-ի և գրականության ինստիտուտի համատեղ հրատարակվող «Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայ պոեզիան» (ժողովածու, իտալարեն, 2000թ.), «Ժամանակակից հայ պատմվածքը» (ժանրի տիպաբանությունը, 1960-80-ական թթ, 2009թ.), «Տեքստ և բնագիր» (հոդվածների և տեսական ակնարկների ժողովածու, 2011թ.) աշխատությունները: 2011թ. նրա «Տեքստ և բնագիր» գիրքը արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակի: