Zark Foundation

Սուրեն Այվազյան

Սուրեն Այվազյան

Արձակագիր

9 հունվար, 1915 - 20 մայիս, 1981

Ծնվել է Զանգեզուրի գավառի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ Վաղ հասակից զրկվել է հորից: 1931-34թթ սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում: Մի քանի տարի մանկավարժական աշխատանք է կատարել Խնածախ և Տեղ գյուղերում: Այնուհետև աշխատել է Կապանում: 1942թ. ավարտել է Բաքվի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942թ. կրկին աշխատել է Կապանում, որտեղից էլ զորակոչվել է բանակ: 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Հյուսիսային Կովկասում` 57-րդ և 34-րդ հրաձգային բրիգադների գումարտակի շտաբի քաղմասում: Զորացրվելուց հետո վերադարձել է Կապան, աշխատել Քաջարանի լեռնարդյունաբերական կոմբինատում, ապա մեկնել է Բաքու, որտեղ աշխատել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1953թ. տեղափոխվել է Երևան: Հաճախ այցելել է Կապան և մասնակցել կապանցի գրողների ստեղծագործությունների քննարկման և Կապանի վետերանների խորհրդի աշխատանքներին: Առաջին անգամ տպագրվել է 1937թ.: «Անավարտ գորգը» (1947թ.), «Խորաձորցիք» (1951թ.), «Խիղճը» պատմվածքների ժողովածուներում, «Լեռնցիներ» (1955թ.), «Խնձորեսկ», «Բարի առավոտ», «Տուր ձեռքդ, կյանք», «Գարունը ձյուների տակ», «Ճակատագիրը Հայոց», «Առավոտ լուսո» վեպերում պատկերել է հայկական գյուղը։ Հերոսների ներաշխարհը բացահայտել է հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով («Ձորերի ձայնը», «Լուռ Լալազարը», «Թխկուտի ձորում», «Վիշտը» և այլ պատմվածքներ)։ «Ճակատագիրն հայոց» (1966թ.) պատմավեպում պատկերել է հայ ժողովրդի պայքարը պարսկական և թուրքական բռնակալների դեմ 18-րդ դարում։ Նրա մի շարք գործեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն և այլ լեզուներով: Գրողի վերջին ստեղծագործությունը «Ասուր, հեյ Ասուր» ինքնակենսագրական վիպակն է, նրա «կարապի երգը»: 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում: