Zark Foundation

Սուրեն Ավչյան

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

24 հուլիս, 1904 - 2 հունիս, 1985

Ծնվել է Թիֆլիսում։ Վաղ հասակից զրկվել է մորից։ Նրան խնամել ու դաստիարակել է բանասաց տատը` Աննա Մարտիրոսյան-Ավչյանը։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի ծխական դպրոցներում, որտեղ նրա ուսուցիչներն էին Հակոբ Աղաբաբը, Աթաբեկ Խնկոյանը, Դանիել Ղազարյանը, Նինա Խանոյանը։ Հետո սովորել է Ներսիսյան դպրոցում, որը չի ավարտել։ Առաջին բանաստեղծություը տպագրվել է 1923թ. «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրում։ 1923-37թթ աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում` որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա` ակումբի վարիչ և նկարիչ։ 1924թ. նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ 1936թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ: 1941-46թթ Ռուբեն Աղաբաբյանի հետ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը, իսկ 1950-61թթ եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-64թթ աշխատել է Վրաստանի ԳԱ Շ.Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում` որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը։ Հրատարակվել են նրա «Մի թռուցիկ մանուկներին» (Հակոբ Աղաբաբի մասին, 1927թ.), «Արհեստ և արվեստ։ Նկարիչ-ցինկոգրաֆ Ս.Սողոմոնյանի կյանքն ու գործունեությունը» (1930թ.), «Լիանա» (մանկական պատմվածք, 1940թ.), «Բանաստեղծություններ» (1959թ.), «Արտեմ Լուսինյան» (հեղինակակից՝ Գրիգոր Զարեյան, 1963թ.), «Գրական ակնարկներ» (1978թ.) գրքերը: Վրացերենից հայերեն է թարգմանել Իլյա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի, Կոստանտինե Գամսախուրդիայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Թենգիզ Պիրվելիի և այլ գրողների երկեր: 1964թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում։