Ծնվել է Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ, 1949թ.` պոլիտեխնիկական ինստիտուները: 1959-67թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում: 1967-72թթ եղել է ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալը, 1972-79թթ` Շինարարության և ճարտարապետության հայկական ԳՀԻ տնօրենը, 1979թ-ից` լաբորատորիայի վարիչը: Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»): Նրա ճարտարապետական նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգիական, ազոտային հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, Ձեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը` Նովոտուլյան մետալուրգիական կոմբինատում (1956թ.): 1960-62թթ ճարտարապետի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադրական շենքեր` Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի (1961թ.) և Երևանի գործիքաշինական (1962թ.) գործարանները, 1968թ-ից` տարածական հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում, 1988թ. երկրաշարժից հետո` 9 բալլ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ` Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում: 1970-ական թվականներից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր: 1970թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի շենքի (1966թ., համահեղինակ) համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1967թ. և 1969թ. դարձել է խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր: Արժանացել է նաև ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972թ.) և ոսկե (1977թ.) մեդալների: 1991թ-ից եղել է տեխնիկական գիտությունների թեկնածու, 1996թ-ից` ՀՃԱ թղթակից անդամ: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարագետի կոչման: Մահացել է Երևանում: