Zark Foundation

Սուրեն Դանիելյան

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Ծնվել է 1948թ. օգոստոսի 9-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ապա` ասպիրանտուրան` հայ գրականության գծով: 1974թ-ից դասավանդում է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնում: 2013թ-ից համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է։ 1993թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2003թ-ից` պրոֆեսոր): 1993-2001թթ զուգահեռ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1995թ. հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, կազմակերպել է արևմտահայ լեզվի, գրականության, մեսրոպյան ուղղագրության՝ շուրջ երեք տասնյակի հասնող մեկամսյա վերապատրաստության դասընթացներ Սփյուռքի և Հայաստանի ուսուցիչների համար։ Հեղինակել է 20-րդ դարի գրական շարժումների մասին բազմաթիվ հոդվածներ: 1996թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Կազմել և հրատարակել է 50-ից ավելի ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական, գեղարվեստական հատորներ։ Հրատարակվել են նրա «Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը» (1992թ.), «Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան» (1996թ.), «Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի» (1999թ.), «Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն» (գիրք Ա, 2011թ.), «Արևմտահայ գրականություն. Տիտանիկ թե՞ շարունակականություն» (2014թ.) գրքերը: 1994թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի, 2007թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և Արցախի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրի, 2008թ.` ՀՊՄՀ 85-ամյակի առթիվ համալսարանի «Խաչատուր Աբովյան» մեդալի, 2012թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալի։