Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին, Երևանում: Բանաստեղծ Սեդա Վերմիշևայի որդին է: 1972թ. ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1977թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Նույն թվականից որպես ավագ լաբորանտ աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1979թ-ից դասավանդել է նույն հաստատությունում, որտեղ 1988-92թթ եղել է ամբիոնի վարիչ: 1989թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1997-2012թթ եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը, 1998թ-ից՝ Եվրախորհրդի լեզվական քաղաքականության բաժանմունքի ազգային համակարգող-թղթակից: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր և ռուսերեն լեզվաբանության, նշանագիտության, հայագիտության, քաղաքագիտության և հակամարտությունների խնդիրներին: Ռուսերեն է թարգմանել հայ հոգևոր պոեզիայից նմուշներ: 1995-96թթ եղել է Հայաստանի գիտաարտադրական և քաղաքացիական միության նախագահը, 1998-2004թթ՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, 2001թ.՝ Եվրախորհրդի ժամանակակից կենտրոնի կառավարող խորհրդի անդամ, 2003թ.՝ Եվրախորհրդի տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության փորձագետների կոմիտեի անդամ, ՀՀ ԱԺ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղարը, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահը: Հրատարակվել են նրա «Լեզվական և բանաստեղծական իմաստների հարաբերակցության մասին» (1985թ.), «Լեռնային Ղարաբաղը անկախ դիտորդների աչքերով» (1989թ.), «Շարական։ 5–15-րդ դդ հայկական պոեզիայից» (1990թ.), «Բանաստեղծական տեքստի իմաստաբանությունը և կառուցվածքը» (1991թ.), «ԵԱՀԿ-ն և տարածաշրջանային հակամարտությունները» (1994թ.), «Լեռնային Ղարաբաղ։ Հիմնախնդիրը և բախումները» (2000թ.), «Քաղաքական հակամարտության լեզուն, տրամաբանական-իմաստաբանական մոտեցում» (2002թ.) և այլ աշխատություններ: