Ծնվել է 1977թ. ապրիլի 24-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Բեմադրիչ Վահե Շահվերդյանի որդին է: 1999թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Առաջին գործը եղել է «Ապակե գազանանոց» ներկայացումը, որը Լիտվայում արժանացել է մրցանակի: 2002թ. երեխաների համար Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Բուրատինոյի արկածները» ներկայացումը: 2003թ. բեմադրել է «Ցելոֆանե երջանկություն» ներկայացումը, որը միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի ժամանակ արժանացել է մրցանակի: Բեմադրել է մի շարք ներկայացումներ` Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48», Լ.Բերֆուզիի «Մեր ծնողների սեքսուալ նեվրոզները», «Սիրահարված Հիտլերը», «Խելագարներ», Թ.Ուլիամսի «Տրամվայ, ցանկություն» և այլն, որոնք մասնակցել են բազմաթիվ տեղական և միջազգային փառատոների: 2005թ. «Իրանզամին», 2006թ. Կահիրեի միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին: 2002թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Չէին սպասում», 2009թ-ից` «Քաղցած չէին սպասում» հաղորդումները: 2014-15թթ բեմադրել է Է.Պետրոսյանի «Սև, դառը շոկոլադ» պիեսը: